«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օսկարակիր դերասան Թոմ Հենքսի մասնակցությամբ տեսաուղերձ, որում նա իր աջակցությունն է հայտնում հիմնադրամի՝ դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք գալա երեկոյին:
Անվանի դերասանը կոչ է անում բոլորին մասնակցել կարևոր նշանակություն ունեցող միջոցառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ ներկա գտնվել բարեգործական հավաքին, փոխանցում է tert.am-ը:
«Սա հրաշալի առիթ է ձեր հայկական արմատներին վերադառնալու համար, իսկ եթե ազգությամբ հայ չեք, ուղղակի գնացեք գալա երեկոյին ու վայելեք այն: Աստված բոլորիս պահապան»,- տեսաուղերձը եզրափակել է Հենքսը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահով ապագա ապահովել Հայաստանի հեռավոր գյուղերի երեխաների համար՝ բարելավելով նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական պայմանները: Հիմնադրամը նպատակ է հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղի երեխաների աճի ու զարգացման համար: