Գերմանիան, ինչպես նաև ԵՄ-ի երկրները Թուրքիայի նախագահի և կառավարության դեմ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիայի նկատմամբ վարվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն անցած շաբաթ եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» պարբերականին, այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետներն` իսրայելական «Haaretz»-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն:
Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների մասին, ասել է. «Ինչո՞ւ եք լռում: Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տարբերակներ ունեք»: