Իմ հեռանալու պատճառն անձնական բնույթի է. Ուորլիք

16:44     30 նոյեմբերի, 2016

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահի պաշտոնը թողնում է անձնական պատճառներից ելնելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը ասել է ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում:

«Իմ հեռանալու պատճառն անձնական բնույթի է: Ես ամերիկացի դիվանագետի հաջողված կարիերա եմ կառուցել և ծառայության 30 տարիներից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ մոտ ապագայում կհայտարարվի ժամանակավոր համանախագահի անունը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` համանախագահն ասել է, որ բանակցային սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող են համընդհանուր խաղաղության համար լավ հիմք ծառայել: «Այս պահին մենք ամենաշատը ցանկանում ենք, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեն և իրենց վրա վերցնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը: 


© armedia.am