Ռուսաստանը և Բելառուսը շատ մոտ են գազի սակագնի շուրջ ծագած վեճը լուծելուն, այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը:
Պատմական դաշնակիցները տարաձայնություններ են ունեցել դեռևս տարեսկզբից այն հարցի շուրջ, թե որքան Մինսկը պետք է վճարի ռուսական «Գազպրոմին»՝ գազի մատակարարման դիմաց, այն բանից հետո, երբ համաշխարհային էներգետիկ գներն անկում ապրեցին:
Պոտուպչիկն ասել է, որ Մինսկը Մոսկվային նոր առաջարկներ է ուղարկել, թե ինչպես պետք է լուծել խնդիրը, և որ ակնկալվում է երկու երկրների միջև բանակցություններ վարել այս շաբաթ:
Մինսկը, որը պնդում է, թե «Գազպրոմի» սահմանած 132 դոլար 1000 խմ-ի դիմաց գինը չափազանց բարձր է, հենց տարվա սկզբից էլ պակաս էր վճարում առաքման համար, իսկ «Գազպրոմը» պնդում է, որ Մինսկն արդեն $ 270 մլն-ի պարտք է կուտակել 2016 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում:
Սրան ի պատասխան՝ մի քայլով, որը մեկնաբանվել էր որպես Ռուսաստանի կողմից Մինսկի վրա ճնշում գործադրելու փորձ, «Տրանսնեֆտի» նավթամուղը մոտ 40 տոկոսով ավելի քիչ նավթ էր սկսել հատկացնել Բելառուսին:
Արդյունքում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե Մինսկի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում ադրբեջանական նավթը Բելառուսի գործարաններում մշակելու հնարավորությունը, ինչը կնպաստի նաև երկրում քիմիական ոլորտի արտադրության զարգացմանը: Եվ ահա Ռուսաստանի հետ Մինսկի ունեցած խնդիրների ֆոնին անցյալ ամսվանից Բելառուսը վերականգնել է ադրբեջանական նավթի գնումները:
Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիր տեղի էր ունեցել նաև վեց տարի առաջ, և այն ժամանակ Բաքուն կրկին «շտապ օգնություն» էր ցուցաբերել Մինսկին: 2010 թվականի հունիս ամսին 12 օրվա ընթացքում Ադրբեջանը 200 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Բելառուսին՝ «Գազպրոմ»-ի հանդեպ կուտակած պարտքը փակելու համար:
Փորձագետներն, ի դեպ կարծում են, որ 2010-ից այն կողմ ոչ մի փոփոխություն չկա այս վիճաբանության մեջ, և ամեն ինչ միևնույն սցենարով է ընթանում:
Սակայն Մոսկվայում վերջերս կայացած հանդիպումը Պուտինի և Լուկաշենկոյի միջև, ըստ մասնագետների, ոչ թե մեղմացրել է ներկայիս լարված իրավիճակը, այլ ավելի է այն սրել:
Բանն այն է, որ ստանալով լայն «հնարավորությունների պատուհան»՝ պայմանավորված «ճիշտ փոփոխություններով» եվրոպական և ամերիկյան քաղաքականության մեջ, ռուսական կողմը փորձում է օգտագործել այն, որպեսզի ամրապնդի իր դիրքերն ու մեծացնի առավելությունները:
«Ստեղծված հանգամանքներում ամբողջական ռազմական և քաղաքական վերահսկողությունը Բելառուսի տարածքում Ռուսաստանի առաջնահերթություններից է», - կարծում են Crisis Watch հետազոտական կենտրոնի վերլուծաբաններ Արսենի Սիվիցկին և Յուրի Ցարիկը:
«Դա թույլ կտա Մոսկվային վերացնել Ռուսաստանի ագրեսիվ արտաքին և ռազմական քաղաքականության զսպման մեխանիզմները, որոնք օգտագործվում են Բելառուսի կողմից որպես ՌԴ դաշնակից, և դրանով իսկ հնարավորություն կստանա հետագայում ճնշում գործադրելու Եվրոպական Միության և Եվրոպայում առանձին գործընկերների վրա»,- նշում են փորձագետները:
Այդ ծրագրերի իրագործումը, սակայն, ըստ նրանց, անհամատեղելի են Բելառուսի անկախության և ինքնիշխանության, ինչպես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավոր համախոհների անձնական անվտանգության հետ:
Ուստի այս նոր իրավիճակում հարց է առաջանում՝ արդյո՞ք բելառուսական կողմը պատրաստ է ավելի ինտենսիվ դիմակայություն ցույց տալ ՌԴ տեղեկատվական, քաղաքական, տնտեսական և ռազմական հերթական ճնշմանը: Եվ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ կլինի ներել Լուկանշենկոյի հերթական սիրախաղն Ադրբեջանի հետ: