Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ բին Թալալը հանդես է եկել երկրում կանանց համար ավտոմոբիլ վարելու արգելքն անհապաղ վերացնելու կոչով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Դադարեցրեք վիճելը.ժամանակն է կանանց թույլատրել, որ նստեն ղեկի առջև»,- գրել է նա թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:
Բացի այդ, այքայազնի անունից նախօրյակին տարածված հայտարարության մեջ ասված է, որ ավտոմեքենա վարելու արգելքը կանանց իրավունքների խախտում է:
«Այսօր դա իրավունքի նույնպիսի հարց է, ինչպես և այն դեպքում, երբ կնոջն արգելում են կրթություն ստանալ: Այդ բոլոր սահմանափակումներն անարդարացիորեն պարտադրված են հասարակության ավանդույթներով, որոնք շատ ավելին են արգելում, քան այն, ինչ օրինականորեն թույլատրված է կրոնի պատվիրաններով»,- նշված է հայտարարության մեջ: