Լրատվամիջոցների փոխանցմամբ, կառավարությունը նախատեսում է ստեղծել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն։ Ըստ վարչապետի՝ այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով:
Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումը։
Կարեն Կարապետյանը պարզաբանել է, որ անցկացվել են բավականին բուռն քննարկումներ: Նրա հաղորդմամբ, ռազամավարական կենտրոնը կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Նա նաև իրազեկել է, որ տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել ու կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր:
Ելնելով դրանից՝ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը: Բացի այդ, վարչապետը հանձնարարել է երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք: