Էրդողան. «Ինչպես Ղարաբաղում տեղի ունեցողին ընդդիմացանք, այնպես էլ չենք հանդուրժի ճնշումները Սիրիայում»

20:01     1 դեկտեմբերի, 2016

Թուրքիան չի  հանդուրժի Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող բռնությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում տեղական ինքնակառավարման մարմինների  հետ հանդիպման ժամանակ,փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:  

Էրդողանն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիրիայում և Իրաքում տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կամ կրոնական այլ խմբավորումների բռնություններից, իրենց եղբայրներն են:

Եվ այս պարագայում, նրանք, ովքեր Թուրքիային այս ամենին չխառնվելու կոչ են անում, «պետք է իմանան, որ թուրքերը չեն կարող իրենց սիրտը պոկել և դուրս նետել»:

«Ինչպես անցյալում Աֆղանստանում, Բալկաններում, Ղարաբաղում, Ղրիմում  և Կիպրոսում տեղի ունեցող բռնություններին ընդդիմացանք, այնպես էլ հիմա չենք հանդուրժի ճնշումներն Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Այս կեցվածքը մեր պատմության ժառանգությունն է՝ թողնված մեզ»:


© armedia.am