Եվրամիության տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի խորհուրդը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելուն: Այդ մասին հաղորդվում է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
ԵՄ-ի մակարդակով համապարփակ ավիացիոն համաձայնագրերը նպատակ ունեն ընդլայնել Եվրոպայի միջազգային կապերը, ապահովել բարձրակարգ ծառայություն, ինչպես նաև՝ ավելի շատ ընտրություն ուղևորների համար և խթանել ԵՄ-ի ավիացիոն արդյունաբերության միջազգային մրցունակությունը:
Հայաստանի հետ համաձայնագիրը կլինի Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ձևով, քանի որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որոնց հետ ԵՄ-ն ավելի սերտ կապեր է ստեղծում իր հարևանության քաղաքականության շրջանակներում: