Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ՌԴ-ի հետ

11:13     2 դեկտեմբերի, 2016

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ռուսական կողմի հետ, հաղորդում է РИА Новости-ն։

Փաստաթղթի վավերացմանը կողմ է քվեարկել 210 պատգամավոր, դեմ՝ 7-ը, իսկ ձեռնպահ է մնացել 6 խորհրդարանական։

Այժմ խորհրդարանը համաձայնագիրը պետք է փոխանցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրմանը, որից հետո այն կհրապարակվի Resmi gazete պաշտոնական պարբերականում և ուժի մեջ կմտնի։

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2017 թվականի սկզբին: Անկարան այս նախագիծը համարում է երկրի էներգետիկ քաղաքականության համար բավականին կարևոր:

Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Մոսկվան և Անկարան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է գազատարի երկու ճյուղերի կառուցում Սև ծովի հատակում:


© armedia.am