Չինաստանը նախատեսում է կրկին կյանքի կոչել պատմական «մետաքսի ճանապարհը», սակայն առանց Թուրքիայի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Türkiye» թերթի կայքին, այս մասին հայտարարել է «Nerenciya Tanıtım Grubu» ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Համդի Գյուրդողանը:
«Չինաստանը փորձում է Վրաստանի տարածքով հատել Սև ծովը, իսկ հարավում անցնել Կիպրոսի հունական հատվածով և այդպիսով շրջանցել Թուրքիան:
Գյուրդողանը նշել է, որ Չինաստանը Վրաստանի արևմուտքում գտնվող Անակլիայում նոր նավահանգիստ է կառուցում, որն իր մեծությամբ երկու անգամ կգերազանցի Թուրքիայի բոլոր նավահանգիստներին: Այսպիսով, նպատակ է դրված գնացքով հասնել այդ նավահանգիստ և ծովային ճանապարհով Սև ծովով դուրս գալ Եվրոպական շուկաներ: Այսպիսով ,ապրանքների նշանակետին հասցնելու ժամկետը կնավազի՝ հասնելով 10 օրվա»:
Թուրք պաշտոնյան մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ մի կողմից Անակլիա-Ռումինիա ծովային ուղիները, մյուս կողմից Հարավային Կիպրոսում Չինաստանի կողմից կառուցված նավահանգիստը հնարավորություն կտան այս կարևորագույն առևտրական ուղին անցնելիս շրջանցել Թուրքիան: Նա առաջարկել է շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում դիրքերը չկորցնելու համար: