Միջազգային Amnesty International կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում տիրող իրադրության վերաբերյալ,փոխանցում է «Արմենպրես»-ը:
Զեկույցում նշվում է, որ այդ շրջանում շուրջ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է տներից բռնության, ունեցվածքի մեծածավալ ոչնչացման և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարի պատրվակով հայտարարված փողոց դուրս գալու արգելքների հետևանքով:
«Տեղահանված և ունեզրկված. Սուրի բնակիչների տուն վերադառնալու իրավունքը» խորագիրն ունեցող զեկույցում ներառված են Դիարբեքիրի Սուր գավառի բնակիչների տեսակետները: Կազմակերպությունը հորդորում է Թուրքիային ձեռնարկել քայլեր, որպեսզի Սուրի և երկրի հարավ-արևելյան այլ նահանգների տեղահանած բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ:
«Սուրում հայտարարված 24-ժամյա պարետային ժամից մեկ տարի անց հազարավոր մարդիկ մնում են տեղահանված սեփական տներից` պայքարելով ապրելու համար և աճող բռնաճնշումների մթնոլորտում առերեսվելով անորոշ ապագային: Մինչ լայնորեն լուսաբանվում է Թուրքիայի հարավ-արևելքում քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնությունները, շատ քիչ է լուսաբանումը բռնի տեղահանման վերաբերյալ»,- նշել է Amnesty International կազմակերպության Եվրոպայի բաժնի տնօրեն Ջոն Դալհուսեյնը: