Թրամփը պահանջել է չեղարկել նոր նախագահական ինքնաթիռի պատվերը

10:16     7 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չափազանց մեծ ծախսերի պատճառով չեղարկել նոր «թիվ մեկ օդանավի» կառուցման մասին Boeing ընկերության հետ պայմանագիրը, հայտնում է BBC-ն։

«Boeing-ը կառուցում է միանգամայն նոր 747 Air Force One՝ ապագա նախագահների համար, սակայն դրա վրա ծախսերը դուրս են եկել վերահսկողությունից՝ կազմելով ավելի քան 4 մլրդ դոլար», - գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։

Ընկերությունն ԱՄՆ նախագահի համար նոր սերնդի ինքնաթիռների մշակման պատվեր էր ստացել 2016 թվականի հունվարին։ Այն պետք է կառուցվեր Boeing 747-8 կոմերցիոն ինքնաթիռի հիմքի վրա։

Պատվերի իրականացումը դեռևս գտնվում է ամենավաղ փուլում։ Ըստ պլանի՝ նոր նախագահական ինքնաթիռը շահագործման կհանձնվեր մոտավորապես 2024 թվականին։ Թրամփը կկարողանար դրանից օգտվել միայն երկրորդ ժամկետում ընտրվելու դեպքում։


© armedia.am