Հայկական 3 ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուսի»

11:07     8 դեկտեմբերի, 2016

Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմ՝ «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ», «Երկրաշարժ», հավակնում է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողության շրջանակում արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին, տեղեկացնում է Asbarez-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant) ֆիլմի հիմքում ընկած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1988թ.՝ Գյուրջևան գյուղում, որտեղ Աբգարը մնացած վերջին հայ քրիստոնյան է:

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռ» (Hot Country, Cold Winter) ֆիլմը պատմում է շարքային քաղաքացիների կյանքի վրա Խորհրդային Միության փլուզման բացասական ազդեցության ու ծանր հետևանքների մասին:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը  պատմում է 1988 թվականի Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին:

Նշենք, որ այս ֆիլմերը ներառվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում. կարճ ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

 


© armedia.am