ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձավ տարածաշրջանային հակամարտություներին, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտությանն՝ անցկացնելով մի շարք հետաքրքրական զուգահեռներ:
ԱՄՆ պաշտոնյան, մասնավորապես, տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում անդրադարձավ աճող ավտորիտար մտածելակերպին, անհանդուրժողականությանը, խոսքի իրավունքի սահմանափակումներին, թշնամանքին և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:
ԱՄՆ պետքարտուղարի կողմից անցկացված նման զուգահեռները պատահական չեն և տրամաբանորեն դրանց հիմքում ընկած է հետևյալ առանցքային թեզը. որևէ հակամարտություն չի կարող վերջնական լուծում ստանալ, երբ հակամարտության կողմ հանդիսացող երկրներում իշխում է հակառակ կողմի հանդեպ անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտը, որտեղ իշխող ավտորիտար վարչակարգը ոչ միայն չի երաշխավորում, այլև նաև ոտնահարում է մարդու իրավունքները և անվտանգությունը:
Թեզի հիմնավորումն առավել քան պարզ է. նման մթնոլորտում կողմերի միջև որևէ կերպ չի կարող ձևավորվել վստահության մթնոլորտ, իսկ երբ չկա վստահության մթնոլորտ, մեղմ ասած, անտրամաբանական է խոսել փոխզիջումների մասին: Կողմերից որևէ մեկը չի կարող գնալ զիջումների, երբ նա վստահ է, որ դիմացինի կողմից իր հնարավոր զիջումները ոչ միայն չեն ընկալվի որպես բարի կամքի դրսևորում, այլ ընդհակառակ` կընդունվեն որպես թուլության նշան և նոր հարված հասցնելու առիթ:
Իրական քաղաքականությունն ինքնին հիմնավորում է այդ թեզը։ Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը նկարագրվում է հենց այդ բնորոշումներով, ինչն ուղղակիորեն ազդում է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտություն կարգավորման գործընթացի վրա, այլև վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Ապրիլյան պատերազմը հայկական կողմերի և միջազգային հանրության համար դարձավ առարկայական ապացույց, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն ԼՂՀ զինված ուժերի այլ նաև խաղաղ բնակչության դեմ: Ասվածը հիմնավորելու համար ուղղակի անհրաժեշտ է անդրադառնալ ապրիլին զինվորականների, տարեց մարդկանց և երեխաների դեմ իրականացված ոտնձգության և խոշտանգումների դեպքերին, որոնք իրականացնողներն Ադրբեջանում պարգևատրվեցին ամենաբարձր մակարդակով:
Այս առումով պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն Ապրիլյան պատերազմից հետո բաժանվեց մինչապրիլյան և հետապրիլյան ժամանակաշրջանի: Հետապրիլյան ժամանակաշրջանում էլ ավելի մեծ կարևորություն է ստացել կողմերի միջև վստահության մթնոլորտի վերականգնումը, նոր սրացումների կանխումը, որին հասնելու համար անհրաժեշտ է նախևառաջ պայքարել ԱՄՆ պետաքարտուղարի կողմից բարձրաձայնված երևույթների, այն է` ավտորիտար մտածելակերպի, անհանդուրժողականության, խոսքի իրավունքի սահմանափակումների, թշնամանքի և մարդու իրավունքների ոտնահարման դեմ: