Հայկական անօդաչու թռչող սարք կործանելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Լուրը չի համապատասխանում իրականությանը. ապատեղեկատվություն է։ Այսօր նրանց համար հատուկ օր է` Հեյդար Ալիևի մահվան օրը, ուստի նրանք հատկապես մեծ ջանքեր են գործադրում տեղեկատվական դաշտում», - ասաց Բաբայանը։ Նրա խոսքով` ադրբեջանական կողմը դեկտեմբերի 11-ին և 12-ին 14 անգամ գնդակոծել է հայկական դիրքերը, և այդ թիվը համընկնում է Ադրբեջանի նախորդ նախագահի մահվան 14-րդ տարելիցին։ «Նրանք միշտ պահպանում են այդ սիմվոլիզմը», — ասաց Բաբայանը։