Չնայած սիրիական Հալեպում կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտերը շարունակվում են, սակայն քաղաքի բնակչությունն արդեն սկսել է տոնել քաղաքի արևելյան շրջանների ազատագրումը: «Ժողովուրդը ցնծությամբ է տոնում բազմաչարչար Հալեպի ազատագրումը։ Հալեպի հաղթանակը: Հալեպի և ամբողջ Սիրիայի համար պատմական օր է: Հարգա՜նք բոլոր նահատակներին։ Պատի՛վ սիրիական բանակին ու Հալեպի տոկացող ժողովուրդին: Սպասում ենք սիրիական բանակի պաշտոնական հայտարարության», - գրում է «Գանձասարը»: Նշենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է:
Հալեպի ազատագրումը սակայն ոչ բոլորի համար է ուրախալի լուր: Հալեպի ազատգրման լուրերին զուգահեռ արևմտյան լրատվամիջոցներում սկսվել են շրջանառվել սիրիական այդ քաղաքում խաղաղ բնակչության դեմ վայրագությունների մասին տեղեկությունները: Ավելին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն այս կապակցությամբ Դամասկոսին կոչ է արել չմոռանալ խաղաղ բնակչությանը պաշտպանելու իր պարտավորության և միջազգային իրավունքի մասին:
Իհարկե պնդել, որ այժմ Հալեպում միանգամայն անվտանգ է և խաղաղ բնակչությունը լիովին պաշտպանված է, սխալ է, սակայն քաղաքում այդ վայրագությունները չեն դադարել ապստամբների վերահսկողության 5 տարիների ընթացքում, իսկ արևմտյան լրատվամիջոցները, ինչպես նաև պաշտոնատար անձիք առնվազն խուսափել են այս կապակցությամբ խոսել: Փորձագետների կարծիքով այս կերպ արևմուտքը փորձում է ձգձգել Հալեպի վերջնական ազատագրումը: Չնայած Հալեպի ազատագրումը սիրիական բանակի կողմից միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես սիրիական հակամարտությունում Բաշար Ասադի ռազմական հաղթանակ, սակայն քաղաքի ազատագրումով ռազմական գործողությունները չեն դադարելու: Սրա մասին է խոսում նաև «Իսլամական պետության» կողմից արդեն մի քանի ամիս Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքի գրավումը:
Ամեն դեպքում Հալեպի ազատագրումը սիրիական հակամարտությունը անկասկած կտեղափոխի միանգամայն այլ հարթություն՝ ի օգուտ նախագահ Ասադի: Հալեպը սիրիական հակամարտությունում ունի ռազմավարական նշանակություն, ինչը պայմանավորված նրանով, որ Սիրիայում գրոհայիններին զենք և այլ անհրաժեշտ պարագաներ մատակարավում է Հալեպով, և կորցնելով Հալեպի վրա վերահսկողությունը՝ գրոհայինները կորցնում են դրսի աջակցության հիմնական մասը: Միևնույն ժամանակ Հալեպի ազատագրումը կարևոր է նաև բարոյահոգեբանական տեսանկյունից: Սա սիրիական հակամարտության ավելի քան 5 տարվա ընթացքում Դամասկոսի առաջին նման խոշոր հաղթանակն է: