Ինչպես հայտնի է, օրերս պաշտոնական Դամասկոսը հայտարարեց Հալեպը վերջնականապես ազատագրելու մասին: Սա թերևս սիրիական հակամարտության ավելի քան 5 տարիների ընթացքում նախագահ Ասադի և նրա դաշնակիցների համար ամենասպասված, իսկ ապստամբների և նրան օժանդակող դրսի ուժերի համար ամենաանցանկալի իրադարձությունն էր: Հալեպը ոչ միայն Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը տնտեսական մեծ նշանակություն ունի, այլև առանցքային նշանակություն ունի Սիրիայում գրոհայինների համալրման և զինման համար. քաղաքը կապված է Սիրիայի գրեթե բոլոր շրջանների հետ և գտնվում է Թուրքիայի հետ սահմանին մոտ: Այսպիսով, Հալեպի ազատագրումով արևմուտքի հովանավորության տակ գործող զինյալները բավականին լուրջ հարված են ստանում ինչպես նյութատեխնիկական ապահովման, այնպես էլ մարդկային ռեսուրսների համալրման տեսանկյունից՝ դառնալով բավականին խոցելի: Թերևս սրանով կարելի է բացատրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումը չեղարկել Սիրիա զենք մատակարարելու և ֆինանսավորում տրամադրելու տարիներ գործող արգելքը: Իհարկե, նախատեսվում է, որ այդ արգելքը չեղարկված է միայն ԱՄՆ-ի դաշնակիցների՝ այսպես կոչված չափավոր ընդդիմության համար:
Հալեպի ազատագրումով, իհարկե, պատերազմը Սիրիայում չի ավարտվի: Հալեպի ազատագրումը ենթադրվում է, որ բեկում կառաջացնի հակամարտությունում ինչպես վերնշված պատճառով, այնպես էլ սիրիական բանակի համար դրա ունեցած բարոյահոգեբանական լուրջ նշանակությամբ: Վերջինս բավական դրականորեն է անդրադառնում նրանց մարտունակության վրա, ինչի մասին վկայում է նաև ԻՊ կողմից Պալմիրայի հետ գրավման գործողությունը: Սիրիական բանակը Պալմիրայից նահանջեց ոչ միայն առանց խուճապի, այլ նաև բնակչության տարհանում իրականացրեց: Միևնույն ժամանակ սիրիական բանակի խմբավորումները սկսել են կատաղի դիմադրություն ցուցաբերել այլ շրջաններում գրոհայինների դեմ ծավալվող մարտերում: Արդյունքում ստեղծված բարոյահոգեբանական նպաստավոր ֆոնը լուրջ գործոն կարող է դառնալ հետագա հաղթանակների համար՝ հատկապես, որ մյուս բնակավայրերի ազատագրումը (Պալմիրա, Դեր Զոր, էլ Խասակի) ենթադրվում է, որ ավելի հեշտ է լինելու, քան Հալեպի ազատագրումը, քանի որ սրանք համեմատաբար փոքր քաղաքներ են: Սիրիական բանակի համար թերևս լուրջ գլխացավանք կառաջացնի Իդլիբի և Ռաքքայի ազատագրումը, ինչի մասին դեռևս վաղ է խոսել: Այժմ սիրիական բանակի գերխնդիրն է ամրապնդել Հալեպում հաղթանակը Պալմիրայի օրինակով զարգացումներից խուսափելու համար:
Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությունում արտաքին դերակատարների համար Հալեպի ազատագրման նշանակությանը, ապա նշենք, որ այն լուրջ մտահոգություն է առաջացրել արևմուտքում, որն առանց ինչ-որ որոշակիության և ապացույցների պնդում է սիրիական բանակի կողմից Հալեպում կատարվող վայրագությունների մասին` այս համատեքստում լուրջ քննադատության ենթարկելով նաև Մոսկվային: Արդյունքում սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը դառնում է բավական բարդ:
Նշենք, որ Հալեպի ազատագրումը ոչ միայն հերթական անգամ ի ցույց դրեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցում առկա անհաղթահարելի տարաձայնությունները, այլ նաև հաստատեց պնդումները Սիրիայի հարցում վերջին ամիսներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա համագործակցության, ինչպես նաև որոշակի կարմիր գծերի առկայության մասին: Չնայած արդեն երկու օր Թուրքիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ անցկացվող բողոքի ակցիաներին՝ Մոսկվան գերադասում է Սիրիայում հրադադարի հաստատման հարցով բանակցել հենց Անկարայի հետ, ինչը Մոսկվայի կարծիքով ԱՄՆ-ի հետ հավաքներից ավելի արդյունավետ կարող է լինել: Այսպիսով, Հալեպի ազատագրմամբ վերադասավորում կարող է տեղի ունենալ ոչ միայն Սիրիայի ներքին ուժերի, այլ նաև արտաքին դերակատարների մեջ: