Ստոկհոլմի շրջանային դատարանը դեկտեմբերի 14-ին վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, ով ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի Լեյլանիի նկատմամբ սահմանվեց պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։
Շվեդիայի թուրք աշխատավորների ընկերությունների դաշնությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ 2016 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր» կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել: Բարբարոս Լեյլանին մասնավորապես հայտարարել է. «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ»: Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:
Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին: