Բանակցային գործընթացն այսօր գտնվում է փակուղային վիճակում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Կարելի է արձանագրել, որ բանակցային գործընթացն այսօր գտնվում է որոշակի սառեցված փուլում, կամ փակուղային վիճակում: Շատ բնական ձևով հայկական կողմերը պահանջում են պայմանավորվածությունների կատարում, ադրբեջանական կողմը դրա ոչ ցանկությունը, ոչ կամքը չունի»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նա անդրադարձ է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում վստահության միջոցների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Ադրբեջանը «հերթական անգամ ցույց է տալիս պայմանավորվածություններից հետ կանգնելու, հրաժարվելու իր ձեռագիրը»:
Խոսելով Համբուրգում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մասին՝ Բեքարյանն ուշադրություն է հրավիրել մի քանի դրույթների վրա: Մասնավորապես կարևոր է, որ արձանագրվեցին մի քանի էլէմենտներ, որոնք կրկին չունեին հասցեականությունը, ինչը չի ողջունվում Հայաստանի կողմից, բայց Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ցանկացած մարդու համար հասկանալի է, որ ուղղված էին Ադրբեջանին:
Նրանք պահանջեցին լիակատար վերադարձ 1994-1995թ. պայմանավորվածություններին, վերադարձ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ թե´ Կասպչիկի գրասենյակի ընդլայնման մասով, թե´ վերջապես հետաքննության մեխանիզմների ներդրման: «Նրանք գնացին հետաքրքիր քայլի՝ նշելով, որ դրան զուգահեռ, միայն զուգահեռ, պիտի մեկնարկի բանակցային էլեմենտը»,- ասել է Բեքարյանը:
Բացի այդ, պատգամավորի խոսքով ուշագրավ է, որ միջնորդ երկրների ներկայացուցչիները նորից հրապարակեցին կարգավորման սկզբունքներն ու սկզբունքների տարրերը: Դա պատասխանն էր Ադրբեջանին, որը ողջ 2016թ.-ի ընթացքում բոլոր հնարավոր ձևերով ստեղծում էր շփոթ այդ բանակցային էլեմենտների հետ կապված՝ խոսելով Ղարաբաղին ինքնավարության բարձր մակարդակ տրամադրելու, ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ միջնորդների ճնշման և այլնի մասին:
«Սա էր հիմնական ստիպողը, որ համատեղ հայտարարությունը դուրս եկավ ուղղակի այդ պահին բանակցային շրջանակներից և գնաց սկզբունքներն ու դրա հետ կապված տարրերը հրապարակելուն»,- նշել է Բեքարյանը: