Ապրիլին մենք ունեցանք զոհեր, վիրավորների, բառացիորեն պատերազմ, որը բացի մարդկային ողբերգություն լինելուց, իր հետքը չէր կարող չթողնել և շեշտադրևումների փոփոխություններ չբերել նաև ողջ գործընթացի, այդ թվում՝ բանակցային գործընթացի վրա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Թե´ պաշտոնական, թե´ փորձագիտական մակարդակով բազմիցս է ասվել, որ Ադրբեջանի գործողությունները, չարժանանալով պատշաճ արձագանքի, ամեն քայլից մյուսին անցման շրջանում նրա մոտ ստեղծում են ինչ-որ անպատժելության զգացողություն և մթնոլորտ, որը ինչ-որ պահի կարող է դուրս գալ սահմաններից: Մենք դրա կանատեսը եղանք ապրիլին: Ադրբեջանը նախաձեռնեց պլանավորած ռազմական գործողություն՝ պատերազմ, փորձեց օգտագործել նաև անսպասելիության գործոնը՝ առավելության հասնելու նպատակով», - նշեց Բեքարյանը:
Նրա խոսքով այն, որ նրա պլանները ձախողվեցին, հարցի մի կոմն է, սակայն այլ բան է, որ դա դարձավ հնարավոր:
«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնողները սրանից մեծ դասեր ունեն քաղելու», - հավելեց նա: