Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պլատֆորմի ձևավորման Ադրբեջանի նախաձեռնությունն արժեզրկում և արատավորում է ժողովրդական դիվանագիտությունը:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման գնահատական է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նաև նշել է, որ իբրև թե խաղաղասիրական այս նախաձեռնությունը մի կողմից ծիծաղելի, մյուս կողմից՝ վտանգավոր է:
«Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը փուլի փոփոխություն կատարեց: Եթե մինչ այս հայերի հետ բոլոր շփվածները հայտվում էին բանտում, հիմա պետք է հորինել հայեր, որոնց հետ կարելի է շփվել և չհայտնվել բանտում»,- ասել է պատգամավորը:
Բեքարյանի գնահատականով ամենաահավորն այն է, որ որոշ, այդ թվում՝ դրսի, գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լավ չպատկերացնելով ինչ է կատարվում և ինչ է արվում, արդեն իսկ մի շարք աննորմալ արձագանքներ են տվել:
«Մենք՝ առաջին հերթին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ԶԼՄ-ները, խնդիր ունենք, որպեսզի այս գործընթացը, մի կողմից, արժանի գնահատական ստանա, մյուս կողմից, անիմաստ տարածում չստանա ի նպաստ Ադրբեջանի քարոզչության»,- ասել է Բեքարյանը՝ զուգահեռ նշելով, որ հարկավոր է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այս վտանգների վրա: