Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ հիմնական պայմաններին:
Նրա խոսքերով, հնարավոր չէ ակնկալել քաղաքակիրթ բանակցություններ և բանակցություններում արդյունք, երբ սահմաններին կրակում են: Եթե կա կամք բանակցելու և խնդիր լուծելու, սահմաններում իրավիճակը պիտի սուր չլինի:
Հնարավոր չէ դիմացինի հետ տանել ընկալելի բանակցություն, ակնկալել արդյունք, երբ դիմացինը որևէ պայմանավորվածություն չի կատարում: «Սա ոչ միայն փոխվստահության խնդիր է, այլև բանակցությունների տեխնոլոգիայի խնդիր»,- ընդգծել է պատգամավորը:
Հնարավոր չէ բանակցել և ակնկալել փոխադարձ զիջումներ՝ միաժամանակ բոլոր խողովակներով տարածել հայաֆոբիայի, ռասիզմի բոլոր հնարավոր դրսևորումները բոլոր հնարավոր մակարդակներով: Այս ամենը նվազեցնելու պիտի լինեն միջազգային հաշվելի գործիքներ:
Կարևոր է լայն իմաստով փոխվստահության խնդիրը հանրությունների միջև:
«Ես ինքս տարիներ շարունակ ղեկավարել եմ հասարակական կազմակեպություն, որը զբաղվում է խաղաղաշինությամբ, հանդիպել եմ բազմաթիվ ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք համարել ենք մեր աշխատանքը արդյունավետ, երբ շատ դժվարությամբ կարողացել ենք համակարծիք լինել որոշ հարցերի շուրջ: Իսկ այս իմիտացիոն գործընթացը, որ ծավալել է Ալիևը՝ ստեղծելով այդ պլատֆորմը, արդեն երկրորդ անգամ ջախջախում է բոլոր փոխվստահության ծիլերը և սա պիտի արժանանա գնահատականի»,- ասել է Բեքարյանը:
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունվող բանաձևերին՝ նա նշել է, որ վերջիններս պիտի առաջնորդնվեն «երբ չենք կարողանում օգնել, գոնե չվնասենք» սկզբունքով:
Եվ վերջասպես՝ միջնորդների հասցեականության մասին խոսելիս՝ նա նշել է, որ հասկանլի է, որ միջնորդները պիտի պահեն բալանսներ, որ կարողանան աշխատել: «Բայց ամեն ինչ իր չափն ունի: Երբեմն հասցեականությունն անհրաժեշտ է կանխելու օրինակ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին»,- եզրափակել է իր խոսքը Բեքարյանը: