ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունները չեն ձգձգվում և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա գարնանն այն պատրաստ կլինի: Դեկտեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: Ըստ նրա՝ բավական տրամաբանական է բանակցությունների փուլային ընթացքը, առավել ևս եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հավակնում ենք ունենալ բավական լայն և համապարփակ փաստաթուղթ:
Բեքարյանի խոսքով Եվրամիության հետ ցանկացած բանակցություն ունի յուրահատկություն՝ ամեն ինչ պետք է համաձայնեցվի անդամ 28 երկրի հետ: Բացի այդ, Հայաստանի հետ բանակցությունների պարագայում պետք է հաշվի առնվի նաև ԵԱՏՄ առջև ՀՀ ունեցած տնտեսական պարտավորությունները: Միևնույն ժամանակ Բեքարյանն ընդգծեց, որ նոր պայմանագրի շուրջ թե՛ բանակցությունները, թե՛ դրա ստորագրումը և վավերացումը, թե՛ իրականացումը ցանկալի է, որ լինեն բավական արագ: