Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նման իրավիճակից վերադարձը բանակցային սեղան հեշտ չի լինում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Բնական էր, որ բավականին մեծ թվով հարցադրումներ, որոնք կային անգամ մինչև ապրիլ, բայց անընդհատ հետ էին մղվում օրակարգի երկրորդ, երրորդ պլան, դարձան առաջնային: Խոսքը վերաբերում է թե′ ԼՂՀ-Ադրբեջան, թե′ Հայաստան-Ադրբեջան սահմաններին իրավիճակի կանխատեսելիության որոշակի հիմքերի ապահովմանը և սրացման թուլացմանը: Խոսքը վերաբերում էր հետաքննության մեխանիզմների ստեղծմանը», - ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ այս գործողությունների կարևորությունն ու նշանակությունը:
«Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը իր սանձազերծած պատերազմը ներկայացնում էր որպես պաշտպանական գործողություն: Ամեն անգամ եղած սրացումները ադրբեջանական կողմը փորձել է բարդել հայկական կողմերից որևէ մեկի վրա և հետաքննության մեխանիզմը՝ ներմուծված և իրականացվող, պետք է տար հնարավորություն՝ ցանկացած տեղի ունեցած գործողություն հետաքննելու և մեղավորին ի հայտ բերելու: Հետաքննության մեխանիզմը ձևական մի բան չէ, սա ամենակարճ ճանապարհն է սահմանները ավելի պատասխանատու վիճակի բերելու», - նշեց բանախոսը:
Նա նաև կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի առաքելության ընդլայնման հարցը՝ նշելով, որ բոլորին է հայտնի, որ այս գրասենյակն ունի բավականին փոքրաթիվ կազմ, ինչի պարագայում սահմանների իրավիճակի նորմալ մոնիթորինգ անել, փաստահավաք առաքելություն իրականացնել հնարավոր չի դառնում: Հետևաբար նրանց արած գործողությունները լինում են պոստ-ֆակտում և արդեն ոչ թեժ հետքով:
Բեքարյանի խոսքով՝ երրորդ կարևոր տարրը, որի մասին տարիներ ի վեր խոսվում է, դիպուկահարների հետ քաշելն է սահմաններից. խնդիր, որն անմիջականորեն կապված է սահմանների լարվածության հետ:
«Իհարկե, այս ամենը պետք է հիմքում ունենար լիակատար և անվերապահ վերադարձ 1994-1995թթ-ի հրադադարի եռակողմ (ՀՀ, ԼՂՀ, Ադրբեջան) անժամկետ համաձայնագրերին: Պատահական չէ, որ ապրիլյան պատերազմից հետո անցումը դեպի բանակցային գործընթաց կամ այլ կերպ ասած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները հիմնականում շեշտեցին այս տարրերը», - իր խոսքն ամփոփեց բանախոսը: