ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կառավարման օրոք երկրին մեծ ապագա է սպասում, հայտնում է Ռիա Նովոստին: Թրամփը Ալաբամայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հենց այդ կերպ է մեկնաբանել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի խոսքերը, թե Թրամփի ընտրությունը տապալեց ամերիկացիների բոլոր հույսերը:
Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Միշել Օբաման, մասնավորապես, նշել էր, որ Թրամփի հաղթանակից հետո ամերիկացիները հասկացան, թե ինչ է նշանակում ապրել առանց հույսի։
«Հակառակը՝ մենք ունենք մեծ հույսեր և հսկայական ներուժ: Այս երկիրն ունի այնպիսի մեծ հեռանկարներ, ինչպիսին երբեք չի ունեցել: Հաճելի է ապրել այս հրաշալի պահին: Ապագայի սցենարը դեռևս գրված չէ»,- նշել է Թրամփն՝ ի պատասխան Միշել Օբամայի:
Թրամփը նաև ընդգծել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբամա ամուսինները եղել են «բացառիկ սիրալիր», և կարծիք է հայտնել, թե «հնարավոր է առաջին տիկինը նկատի է ունեցել լրիվ այլ բան և սխալ է արտահայտվել»: