Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կկայանա վերջին քվեարկությունը, որի արդյունքներն այլևս անդառնալի կլինեն: ԱՄՆ-ում Ընտրիչների կոլեգիայի 538 անդամներն այսօր քվեարկություն կանցկացնեն բոլոր նահանգների մայրաքաղաքներում և Կոլումբիայի դաշնային շրջանում:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անմիջական չեն։ Քվեարկության օրը՝ նոյեմբերի 8-ին, ընտրողները, տալով իրենց ձայնը թենածուներից մեկի օգտին, փաստացի քվեարկել են այդ թեկնածուին առաջադրած կուսակցության ընտրիչների կոլեգիայի անդամների օգտին: Այն ձևավորվում է յուրաքանչյուր նահանգում՝ ելնելով այդ նահանգի կոնգրեսականների և սենատորների ընդհանուր թվից։ Կոլումբիայի դաշնային շրջանը, որը չունի նահանգի կարգավիճակ, կոլեգիա կուղարկի 3 ընտրիչ։ Նոյեմբերի 8-ի ընտրություններում Դոնալդ Թրամփը ստացել էր 306 ընտրիչի աջակցությունը, իսկ նրա մրցակից Հիլարի Քլինթոնը՝ 232 ընտրիչի ձայն։ Ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ձայն։
Շատ նահանգներում ընտրիչներին օրենքով արգելվում է ընդդիմանալ ընտրողների ձայնին, միաժամանակ, չի բացառվում, որ ընտրիչները կարող են քվեարկել չկանխատեսված սցենարով: Այն ընտրիչներին, ովքեր քվեարկում են հաշվի չառնելով ընտրողների ձայնը, անվանում են «անհավատարիմ» ընտրիչներ, և նման ընտրիչներն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաշատը եղել են 1808 թվականին ՝ 6:
Սակայն այս անգամ ԱՄՆ-ի ընտրությունները շատերի համար միանգամայն անկանխատեսելի արդյունք ունեցան, և ընտրիչների քվեարկությունը ևս բավականին ինտրիգային է: Սովորաբար Ընտրիչների քվեարկությունը նահանգների մայրաքաղաքներում անցնում է աննկատ, սակայն այս անգամ քվեարկության վայրերի մոտ նախատեսվում են ցույցեր: Դեմոկրատներից շատերը դեռևս ուշքի չեն եկել Հիլարի Քլինթոնի անսպասելի պարտությունից. նրանք չեն հասկանում, թե ինչպես է ստացվել, որ Քլինթոնը նոյեմբերի 8-ի քվեարկության ժամանակ մոտ 3 մլն-ով ավել ձայն է ստացել, քան Թրամփը, սակայն ընտրիչները պատրաստվում են հենց Թրամփին նախագահ դարձնել:
Արդյունքում ԱՄՆ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում իսկական արշավ է սկսվել Թրամփի ընտրիչներին «անհավատարիմ» դարձնելու ուղղությամբ. փորձ է արվում Թրամփի ընտրիչներին գրավել Քլինթոնի կողմ կամ գոնե համոզել քվեարկել հանրապետական մեկ այլ թեկնածուի օգտին: Politico-ի փոխանցմամբ հանրապետական ընտրիչները հայտնվել են իսկական շրջափակման մեջ. նրանք նույնիսկ մահվան սպառնալիքով նամակներ են ստանում: Տարբեր աղբյուրներ նշում են, որ այս պահի դրությամբ արդեն առնվազն 20 անհավատարիմ ընտրիչ կա, սակայն մինչ այժմ պաշտոնապես հայտնի է միայն մեկի մասին:
Նշենք, որ Թրամփի հաղթանակը չեղարկելու համար դեմոկրատներին անհրաժեշտ է հանրապետական ընտրիչների շրջանում ունենալ գոնե 37 «անհավատարիմ» ընտրիչ, որպեսզի ընտրությունները համարվեն չկայացած: Սակայն նույնիսկ եթե նրանց հաջողվի այդ քանակով ընտրիչների համոզել չքվեարկել Թրամփի օգտին, դա չի երաշխավորում, որ Թրամփը չի դառնա նախագահ: Ըստ ամերիկյան օրենսդրության, նման սցենարի պարագայում քվեարկությունը կկայանա Ներկայացուցիչների պալատում, որտեղ այս պահին գերակշռում են հանրապետականները և նրանք, ամենայն հավանականությամբ, կքվեարկեն Թրամփի օգտին:
Վերլուծաբանները չեն բացառում նաև, որ Քլինթոնը կարող է իր ընտրիչներին ազատել իր օգտին քվեարկելու պարտավարությունից՝ կոչ անելով քվեարկել մեկ այլ հանրապետականի օգտին։ Նշենք, որ գլխավորապես դիտարկվում է Ջեբ Բուշի թեկանծությունը, և այս դեպքում եթե հաջողվի ստանալ նաև 37 «անհավատարիմ» ընտրիչի ձայն, ապա Թրամփի հաղթանակը կարող է լուրջ սպառնալիքի տակ հայտնվել, քանի որ այդ դեպքում Ներկայացուցիչների պալատում արդեն քվեարկելու են հանրապետական երկու թեկնածուների օգտին և այստեղ ավելի ազատ գործողությունների հնարավորություն կա:
Այսպիսով, այսօր սպասվում է ԱՄՆ-ի պատմության մեջ Ընտրիչների կոլեգիայի եթե ոչ միակ, ապա ամենաինտրիգային քվեարկությունը…