Գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ, առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Այդ մասին փուլային կարգավորման տարբերակի առաջքաշման վերաբերյալ «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ փոխանախարար Շավարշ Քոչարյանը։
Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ: