Հայաստանի տնտեսության մեջ 2016-ին լավատեսություն ներշնչող երեք ցուցանիշ է գրանցվել, և երեքն էլ կապված են ԵԱՏՄ-ի հետ: Նման կարծիք է հայտնել «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտությունների և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Աաֆարյանն այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Առաջինը Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների մեծացումն է: Այս տարի առաջին անգամ Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանումը գերազանցել է 87 տոկոսը: Ռուս փորձագետները կարծում են, որ քանի որ 2017 թվականին Ռուսաստան-Արևմուտք պատժամիջոցների պատերազմը շարունակվելու է, Ռուսաստանի շուկան շարունակելու է գյուղատնտեսական մթերքների կարիք զգալ, ուստի Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները 2017-ին շարունակելու են մեծանալ: Երկրորդը 10 ամսվա արդյունքներով արդյունաբերական ծավալների աճն է անցած տարվա համեմատ: Երրորդը ծառայությունների քանակի աճն է: ԵԱՏՄ-ն հռչակել է կապիտալի, մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ, և փաստորեն մենք կարողանում ենք գտնել մեր տեղն այս գործընթացներում», - նշել է Ա. Սաֆարյանը:
Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով՝ 2017 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման սպասումների ֆոն է ստեղծում Հայաստանի նոր կառավարությունը: Սակայն փորձագետն այս կապակցությամբ ընդգծում է, որ տնտեսական զարգացումը հնարավոր է միայն եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի քաղաքական կայունությունը չխարխլվի: «Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և ավելի ակտիվ մասնակցի երկրի տնտեսական կյանքին: Սակայն անհրաժեշտ է, որ կառավարությունը ոչ թե կարգավորիչի դեր ունենա, այլ՝ տնտեսվարողի», - կարծում է Արամ Սաֆարյանը: