Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«1994 թվականին Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան եռակողմ ձևաչափով կրակի դադարեցման մասին համաձայնագիր է ստորագրվել: Ցավոք,1994 թվականից ի վեր Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական արկածախնդրություն ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիովին տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել», - ասել է նախարարը:
«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի և տարածաշրջանի երկրների համար հակամարտության հնարավոր սրումը շահեկան չէ: Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Երևանը ստիպված կլինի ներքաշվել հակամարտության մեջ, եթե դա տեղի ունենա: Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ողջ Հարավային Կովկասի համար», - ասել է Վիգեն Սարգսյանը: