Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող և ԱՄՆ հետ հարաբերությունները շարունակի զարգացնել «փոխաշահավետ համագործակցություն» բանաձևի ներքո: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:
«ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող: Թերևս անհրաժեշտ է համագործակցությունն ակտիվացնել ոչ միայն առկա ձևաչափերում, ինչպես օրինակ բարեկամական խորհրդարանական խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքները, այլ նաև ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր, ինչպիսին կարող է լինել կուսակցությունների միջև համագործակցությունը և երկխոսության նոր հարթակի ստեղծումը»,- նշել է փորձագետը:
Ըստ նրա՝ 2016 թվականին Հայաստանի կողմից հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն էր «Հայաստան» ներդրումային համաժողովի անցկացումը Նյու Յորքում, որը թույլ տվեց օտարերկյա և ամերիկյան ներդրողներին ծանոթացնել Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին:
«Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է պարբերական բնույթ կրեն, քանի որ դրանք կարող են խթանել ամերիկյան և միջազգային գործարարների կողմից մեր երկրում իրականացվող ներդրումների թվի աճը: Բացի այդ, նման նախաձեռնությունները համապատասխանում են փոխշահավետ համագործակցության բանաձևին. այս դեպքում մենք գործ չունենք ուղղակի օժանդակության ծրագրերի հետ և նման նախաձեռնություններից կարող են օգուտ քաղել նաև ամերիկյան ներդրողները»,- նշել է Լ.Հովհաննիսյանը: