ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվ Շանդելոնը մահացած է հայտնաբերվել բելգիական Անդեն քաղաքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Sudpresse մեդիախմբի ԶԼՄ-ներին:
Լրատվամիջոցների տվյալներով` պաշտոնյան ինքնասպան է եղել, սակայն նրա ընտանիքը կտրականապես հերքում է այդ վարկածը:
Շանդելոնի մարմինը հայտնաբերվել է նրա աշխատավայրից 140 կիլոմետր և նրա բնակության քաղաք հանդիսացող Լենսից 100 կիլոմետր հեռավորության վրա:
Նշվում է, որ 60-ամյա պաշտոնյայի անունով գրանցված է եղել երեք միավոր հրազեն, սակայն նրա մոտ չգրանցված զենք է հայտնաբերվել, որից իրականացվել է գլխին ուղղված կրակոցը:
Պաշտոնյայի շրջապատի մարդիկ հայտնել են լրագրողներին, որ նա դժգոհում էր «տարօրինակ» զանգեր ստանալուց: Հետաքննությունը ներկայումս դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները:
Նշվում է, որ Շանդելոնը զբաղվել է, մասնավորապես, ֆինանսական ահաբեկչության հակազդեցության հարցերով: