Լիբանանի նոր կառավարության կազմում Զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցնող հայազգի Ավետիս Կիտանյանը, ով ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, լավատեսություն է հայտնել երկրի ընդհանուր դրության կապակցությամբ: «Ես իսկապես լավատես եմ առաջիկա փուլի հարցում», - Կիտանյանի խոսքերը մեջբերում է լիբանանյան Naharnet կայքը:
Հիշեցնենք, որ Լիբանանի նոր ձևավորված 30 հոգանոց կառավարության 2 նախարարները հայեր են։ Կիտանյանից բացի Ժան Օղասաբյանը նշանակվել է Կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հարցերով նախարար:
Հայազգի նախարարը նշել է, որ Լիբանանի քաղաքական դաշտը «որակյալ թռիչքի ականատես դարձավ» նոր նախագահ Միշել Աունի ընտրության և Սաադ Հարիրի կառավարության ձևավորման միջոցով: Ավետիս Կիտանյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ փորձելու է ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Լիբանան, քանի որ «այն իր շրջապատում ամենաանվտանգ երկիրն է»:
Նշենք, որ ավելի վաղ Կիտանյանը լիբանանահայ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել էր, որ «լիբանանահայ համեստ դասակարգի զավակ է՝ հույս հայտնելով, որ իբրև ՀՅԴ ներկայացուցիչ, կարդարացնի իրեն վստահված պարտականությունը»: Այս մասին գրում է Ազդակ օրաթերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Լիբանանում հիմնական քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում ավելի քան երկու տարվա վակուումից հետո հնարավոր դարձավ նախագահ ընտրել, ինչը հույս է ներշնչում, որ Լիբանանում ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է հիմնականում շիական և սուննիական ճամբարների մրցակցության, ինչպես նաև սիրիական իրադարձութունների արդյունքում, կհաջողվի մեղմել: