Թուրքիայում հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել է 2611 հոգի:
FETÖ՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն», թուրքական մամուլում այսպես է կոչվում ԱՄՆ-ում բնակվող թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Timeturk» լրատվական կայքին ձերբակալվածները կանաչ (հատուկ անձնագիր, որը տրվում է Թուրքիայի նախկին պատգմավորների և նախկին նախարարներին, ինչպես նաև 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի նշանակության պաշտոնատար անձանց-խմբ.) և մոխրագույն (ծառայողական անձնագիր՝ տրվում է քաղծառայողներին) անձնագրեր են ունեցել:
Հուլիսի 15-ից հետո երկրում արտակարգ իրադրություն էր հայտարարվել: Օդանավակայաններում խստացվել էին ելք ու մուտքի պայմանները, այդ պատճառով ձերբակալվածները փորձել են նույնականացման քարտերով մուտք գործել Կիպրոսի ինքնակոչ թուրքական հանրապետություն և Վրաստան: Ըստ կայքի՝ այսպես կոչված FETÖ-ականները Կիպրոսի թուրքական հատվածից հունական Կիպրոս, իսկ Վրաստանից՝ Հայաստան անցնելու ուղիներ են որոնում: