Կանադայում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Կանադայում Թուրքիայի դեսպան Սելջուկ Ունալի՝ 1980-ական թթ. Կանադայում հայկական ծագմամբ կանադացիների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ մեկնաբանությանը, որը վերջինս արել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպանի սպանության վերաբերյալ իր հարցազրույցում, հաղորդում է «Հայ Ձայնը»:
ՀՀ դեսպանությունը մասնավորապես նշել է.
«Մենք դատապարտում ենք ցանկացած վայրում, ցանկացած անձի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը: Կարծում ենք, որ այս ողբերգությունից ուշադրությունը շեղելով և խոսելով իրենց դիվանագետների սպանության մասին՝ թուրք դեսպանը փորձում է նվազեցնել Անկարայում տեղի ունեցած սարսափի աստիճանը, և դա նողկալի է: Մենք ցանկանում ենք վերահաստատել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից 1.5 միլիոն հայերի սպանության դատապարտումը: Թուրքիայի դեսպանին և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ Ռուսաստանի դեսպանի սպանության հետաքննության, Թուրքիայում անվտանգության վիճակի բարելավման վրա և աշխարհի ուշադրությունը չշեղել իրենց սեփական՝ բռնության հակված քաղաքականությունից»: