Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ իր ազգայնական կոչերը հնչեցնելիս հիշել է Սևրի պայմանագիրը: Հիշեցնենք, որ 1920 թվականին Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության նկատմամբ հաղթանակ տանելուց հետո դաշնակից երկրները նրա պարտված իշխանությունների հետ ստորագրեցին պայմանագիր, որը կայսրության տարածքը բաժանեց եվրոպական ազդեցության գոտիների: Սևրի պայմանագրով, Անատոլիայից հատվածներ տրվեցին հույներին, հայերին, քրդերին, ֆրանսիացիներին, բրիտանացիներին և իտալացիներին: Պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է ներառեր պատմական Հայաստանի տարածքների զգալի մասը:
«Եթե մենք կանգ առնենք այս վճռական պահին, երբ փորձ է արվում վերակազմավորել աշխարհը և մեր տարածաշրջանը, մենք ստիպված կլինենք առարեսվել Սևրի պայմանագրին», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Azbarez-ը:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է այն կորուստներին, որոնք Թուրքիան կրել է Լոզանի պայմանագրով (1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը սահմանում է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության սահմանները: Պայմանագրի համաձայն` Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան կայսրության մյուս հատվածների նկատմամբ իր պահանջներից): «Մենք այն ազգն ենք, որը մինչ այժմ ապրում է՝ զղջալով նրա համար, ինչ կորցրել Լոզանում: Անկեղծ ասած, Թուրքիան Առաջին աշխարհամարտից հետո իր ամենամեծ պայքարի միջով է անցնում: Սա պայքար է պահպանելու մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն», - հայտարարել է Էրդողանը:
Վերջին շրջանում Էրդողանը հաճախ է հիշում այս պայմանագրերի մասին: Էրդողանը կարծում է, որ Լոզանի պայմանագիրը «ոչ սուրբ գրություն է, ոչ էլ սուրբ գիրք», հետևաբար, այն կարող է վերանայվել՝ «Թուրքիայի համար ավելի լավ գործարք ապահովելու լույսի ներքո»: Ավելի վաղ Էրդողանը բաց տեքստով հայտարարել էր, որ Թուրքիայի «ֆիզիկական սահմանները չեն համապատասխանում նրա սրտի սահմանների հետ»: Հետևաբար, Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնպիսի տարածաշրջանների և երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Բոսնիան, Վրաստանը, Ուկրաինան, Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան և «մյուս եղբայր տարածաշրջանները»: