2016 թվականը Եվրոպական միության համար աչքի ընկավ մի շարք ցնցումնային զարգացումներով՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի հեռացմամբ կամ Brexit-ի, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամի շարունակմամբ, աջ ծայրահեղականների առաջխաղացմամբ և այլն: Ստորև անդրադարձ կկատարենք ԵՄ ամենակարևոր իրադարձություններին և զարգացումներին:
Ամենաառաջինն ու աննախադեպը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կարևորագույն անդամ պետություններից մեկի հեռանալն էր կառույցի կազմից: Հունիս ամսվա վերջին աղմկահարույց բրիտանական հանրաքվեին հաջորդեց, այսպես կոչված, Brexit-ը (51.9% կողմ էին քվեարկել ԵՄ-ից երկրի դուրս գալուն, 48.1%-ը՝ դեմ): Նախկին վարչապետ, պահպանողական Դեյվիդ Քեմերոնի նախաձեռնությամբ և բնակչության կեսից ավելիի ցանկությամբ՝ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական ընտանիքից, ինչն իհարկե մեծ ցնցում եղավ ԵՄ համար:
Բացի տնտեսական և ֆինանսական վայրիվերումներից, որոնք ի հայտ եկան հանրաքվեից անմիջապես հետո, տեղի ունեցան մի շարք քաղաքական դրսևորումներ, երբ այլ անդամ-պետություններ փորձեցին ևս նմանատիպ հանրաքվեներ նախաձեռնել: Այսինքն Brexit-ը նպաստեց նման տրամադրությունների ակտիվացմանը նաև այլ երկրներում: Եվրահոռետես մի շարք երկրներ նույնպես կոչեր արեցին լքել Եվրոպական միությունը, կամ գոնե սկզբի համար եվրագոտին:
Սա իր հերթին նպաստեց մեկ ուրիշ կարևոր զարգացման ԵՄ ներսում՝ «Աջերի» առաջխաղացմանը մի շարք անդամ-պետություններում: Ազգայնական աջակողմյան քաղաքական շարժումներն իրար հետևից հաղթանակ տարան խորհրդարանական, տարածաշրջանային և նախագահական ընտրություններում:
Լեհաստանում, Դանիայում, Հունգարիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ ԵՄ երկրներում ծայրահեղական քաղաքական գործիչները մեծ հաջողությունների հասան:
Եվրոպացիներն աջերին դիտում են որպես ընդդիմություն, և նրանց օգտին քվեարկելով՝ իրենց բողոքի նոտան են հայտնում իշխանություններին մայրցամաքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ կապված:
Ինչ վերաբերում է Եվրոպայում նման միտման գլխավոր դրդապատճառին՝ միգրացիոն ճգնաժամին, ապա այն ևս իր զարգացումներն ունեցավ 2016 թվականի ընթացքում: Չնայած փախստականների ներհոսքի գագաթնակետը դեռևս նախանցյալ տարվա ամռանն էր, այնուամենայնիվ այս տարի ևս մեծ թվով միգրանտներ ԱՖրիկայից և Մերձավոր Արևելքից շարունակեցին թափանցել դեպի Եվրոպա:
Արդյունքում ԵՄ-ն Թուրքիայի հետ կնքեց մի շատ վիճելի պայմանագիր, որով երկիրը պարտավորվում էր գումարի դիմաց իր վրա վերցնել միգրացիոն բեռը: Սակայն պայմանագիրը, մեղմ ասած, այնքան էլ իրեն չարդարացրեց, իսկ Թուրքիան բռնեց շանտաժի ուղին, որի արդյունքում 2016-ին կտրուկ վատացան ԵՄ-Թուրքիա հարաբերությունները: Տարեվերջին դրանք այնքան սրվեցին, որ Թուրքիան միանգամից մի քանի քայլ հետ մղվեց իր հնարավոր անդամակցության հեռանկարից:
Փոխարենը, 2016-ի ընթացքում եվրոպական երազանքի հետ կապված նոր հույսեր արթնացան Ուկրաինայի և Վրաստանի մոտ, որոնց հետ վերջապես հաստատվեց մուտքի արտոնագրերի չեղարկման գործընթացը, և հաջորդ տարվանից արդեն այս երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզա մուտք գործել ԵՄ տարածք, ինչն, ի դեպ, ոչ հեռու ապագայում կարող է իրականություն դառնալ նաև Հայաստանի համար:
Տարվա դրական իրադարձություններից էր նաև ԵՄ տարածքում 3 միլիոնից ավել աշխատատեղերի ստեղծումը, ինչը կտրուկ նվազեցրեց գործազրկության տոկոսն ու աղքատության շեմը անդամ-պետություններում:
Գործունյա քաղաքացիների թիվը 2016 թվականի ընթացքում ամենաբարձրն է եղել ողջ ԵՄ պատմության մեջ՝ հասնելով 232 միլիոնի: Իսկ սոցիալապես անապահով խավի տոկոսն ամենացածրն է եղել վերջին հինգ տարվա ընթացքում՝ 23.7 տոկոս:
Այնուամենայնիվ եվրոպացիների շուրջ 8,6 տոկոսը շարունակում են գործազուրկ մնալ, ինչը մտահոգիչ ցուցանիշ է ԵՄ պատասխանատու մարմինների համար: