ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամի համար մշակում է պլան՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, գրում է գերմանական Bild տաբլոիդը։
Ինչես նշում է պարբերականը, 93-ամյա դիվանագետը, ով բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի հետ հաշտեցումը համարում է ճիշտ քայլ Չինաստանի ուժեղացման ֆոնին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռությունը, նրա կարծիքով՝ կնպաստի գլոբալ կայունության ամրապնդմանը։
Bild-ը, հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծությանը, որը հիմնված է Թրամփի թիմի կողմից ստացված տեղեկությունների վրա, պնդում է, որ Թրամփը Քիսինջերի խորհրդով մտադիր է հանել պատժամիջոցները Ռուսաստանի վրայից։ Բացի այդ, նախկին պետքարտուղարն իբր պատրաստվում է խորհուրդ տալ Թրամփին ճանաչել Մոսկվայի իրավունքը Ուկրաինայում, ինչպես նաև Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում ազդեցության ոլորտի վրա։
Նախատեսվում է մշակել Ուկրաինայի զարգացման քաղաքական և տնտեսական պլան, համաձայն որի՝ Ռուսաստանը պետք է երաշխավորի այդ երկրի արևելյան մասի անվտանգությունը։ Ի պատասխան՝ Արևմուտքը պետք է ոչ պաշտոնապես ճանաչի Մոսկվայի իրավունքը Ղրիմի վրա՝ պաշտոնապես շարունակելով համարել թերակղզին Ուկրաինայի մաս։