«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվեց վնասվածքից ու փոխարինման դուրս եկավ Անգլիայի առաջնության հերթական տուրի «Սանդերլենդի» հետ խաղի երկրորդ կեսում: Իր վերադարձը Մխիթարյանը նշանավորեց խփած ֆանտաստիկ գոլով:
ArmFootball.com-ն առանձնացրել է բրիտանական մամուլի մեկնաբանությունները Մխիթարյանի խաղի ու խփած գոլի մասին:
Mirror-ը խաղի վերլուծության մեջ առանձնացնում է «Մխիթարյանի ռենեսանսը շարունակվում է» վերնագրով մի հատված: «Հենրիխ Մխիթարյանից որոշ ժամանակ պահանջվեց «Յունայթեդում» իր հետքը թողնելու համար, սակայն 86-րդ րոպեին նրա` կրնկով կատարած տպավորիչ կիսաշրջադարձ հարվածը երեք գոլի տեղ էլ կանցներ, նույնիսկ այն դեպքում, որ կրկնապատկերը ցույց տվեց` Մխիթարյանը Իբրահիմովիչի փոխանցման ժամանակ գտնվում էր խաղից դուրս վիճակում: Մխիթարյանը վերածնվել է, թեև այս խաղում նա բավականին ուշ մտավ խաղադաշտ: Թվում է` 2017թ.-ին նա դառնալու «Յունայթեդի» առանցքային ֆուտբոլիստը»,- գրում է պարբերականը, որը Մխիթարյանի խաղին տալիս է «7» գնահատականը:
Dailymail-ը համեմատում է Մխիթարյանի խփած գոլը կոլւմբիացի հայտնի դարպասապահ Ռենե Իգիտայի լեգենդար «կարիճ» սեյվին, որը նա կատարել էր Անգլիայի հետ ընկերական խաղում` 1995թ.-ին: «Մի պահ մոռացեք, որ խաղից դուրս վիճակ կար: Երբ գնդակը հասավ Մխիթարյանին, երևաց, որ այն հայ ֆուտբոլիստից մի քիչ հեռու է, իսկ ինքն արդեն օդի մեջ էր: Սուպեր իմպրովիզ ստացվեց, արտակարգ եզրափակիչ հարված: Մխիթարյանը դիմեց հնարավոր միակ քայլին ու աջ ոտքի կրնկով բռնեց իբրահիմովիչի փոխանցումը` գնդակն ուղարկելով «Սանդերլենդի» դարպասը: Իր կյանքի լավագույն գոլը, ինչպես հետագայում նշեց ֆուտբոլիստը»:
Պարբերականը գրում է, որ հանձնինս Մխիթարյանի` երկրպագուները գտել են իրենց նոր ֆավորիտին: «Նրանք վանկարկում էին նրա անունը, երբ նա պատրաստվում էր երկու խաղ բաց թողնելուց հետո փոխարինման դուրս գալ խաղի մեկնարկից մեկ ժամ անց` փոխարինելով Ջեսե Լինգարդին: Ու Մխիթարյանը վարձահատույց եղավ նրանց` իր երրորդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ»,- գրում է Daily Mail-ը: