Նվերներ ստանալու և հանձնելու արարողությունը կազմում է ամանորյա տոների անբաժան մասը և ապահովում է մեր տոնական տրամադրությունը: Սակայն հաճախ մեզ համար դժվար է լինում նվերի ընտրության հարցում արագ և ճիշտ կողմնորոշվել: Եթե դուք դասվում եք այդ մարդկանց շարքին, ապա պետք է ձեզ ուրախացնենք. սա խնդիր է, որ բազմիցս ուսումնասիրվել է հոգեբանների կողմից և առաջարկվել են մի շարք լուծումներ: Հոգեբանների կողմից առաջարկվող լուծումների շարքում են.
Անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ հաճախ նվերի սխալ ընտրությունը պայմանավորված է լինում նրանով, որ նվեր ընտրողը կենտրոնանում է միայն նվերի հանձման պահի վրա (որ նվերի արտաքին տեսքը լինի տպավորիչ և գրավի ստացողին), իսկ նվեր ստացողի համար կարևոր է, թե հետագայում որքան կիրառելի է լինելու այդ նվերն իր համար: Ուստի, նվեր ընտրելիս կենտրոնացեք ոչ թե նվերի տեսքի, այլ դրա կիրառելիության վրա:
Նվեր ընտրելուց առաջ փորձեք մտովի վերհիշել, թե տվյալ անձը երբևէ ձեր ներկայությամբ բարձրաձայնել է նրա մասին, թե ինչի կարիք ունի և ինչ է պատրաստվում գնել իր համար: Այս ճանապարհով շարժվելիս դուք ոչ միայն չեք սխալվի նվերի ընտրության հարցում, այլ նաև ձեր նվերով տվյալ անձին ցույց կտաք, թե որքան ուշադիր եք նրա հանդեպ:
Հաճախ մի քանի անձի համար միաժամանակ նվեր ընտրելիս մենք կենտրոնանում ենք, որ նվերները լինեն տարբեր, ինչով էլ պայմանավորված հաճախ սխալ ընտրություն ենք կատարում: Հոգեբանները կարծում են, որ ընկերների համար միևնույն նվեր ընտրելն առավել քան նորմալ է և այս դեպքում նույնպես անհրաժեշտ է առավելապես կենտրոնանալ նվերի կիրառելիության վրա:
Հոգեբանները խորհուրդ են տալիս թանկարժեք նվերը չմատուցել փոքր նվերի հետ: Պատճառը պարզ է. այդ դեպքում դուք ուղղակի ստացողի աչքերում արժեզրկում եք ձեր նվերը:
Նվերի փաթեթավորումն այնքան կարևոր է, որքան ճիշտ նվերի ընտրությունը: Անկախ նրանից, թե ինչ չափի է ձեր նվերը, այն մատուցելուց առաջ հոգ տարեք, որ նվերը գեղեցիկ փաթեթավորված լինի: Դա ոչ միայն ավելի հետաքրքիր է դարձնում նվերի հանձման արարողությունը, այլ նաև նվեր ստացողին հուշում, որ դուք հետևողական և ուշադիր եք եղել իր նվերի ընտրության և մատուցման հարցում:
Վերջում, թերևս, ամենակարևորը. ցանկացած նվերի ընտրություն ճիշտ է և կարող է դիմացինին հաճույք պատճառել, երբ այն մատուցվում է անկեղծ և սրտանց: