ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը հավայան Փերլ-Հարբոր նավահանգիստ անվանել է «պատմական ժեստ», որը ցույց է տալիս հաշտեցման ուժը, հայտնում է Associated Press-ը։
Դա ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդների առաջին նման համատեղ այցն էր։ Աբեն անկեղծ ցավակցություններ է արտահայտել՝ կապված 1941 թվականին ճապոնական օդուժի կողմից բազայի ռմբակոծման ժամանակ ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ։ Հիշեցնենք, որ 1941 թվականի դեկտեմբերի 7-ի ճապոնական ռմբակոծության ժամանակ մոտ 2500 ամերիկացի զինծառայող է զոհվել: Օբամայի հետ միասին Աբեն ծաղկեպսակ է դրել զոհերի հուշահամալիրին, որից հետո ծաղկի թերթիկներ նետել ջրի վրա։
Օբամայի խոսքով՝ Աբեի ներկայությունը հիշեցում է այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կարող են ստանալ երկրներն ու ժողովուրդները։ Դա ցույց է տալիս, որ պատերազմները կարող են ավարտվել, և թշնամիները կարող են դառնալ դաշնակիցներ։ Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հարաբերությունները ներկայում հանդիսանում են խաղաղության անկյունաքար ողջ աշխարհում։