Ներդումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հայտնում է Aysor.am-ը:
«Մենք աշխատանք ենք տանում, որ այդ արդյունքը հասցնենք մինչև 5 տոկոսի: Բոլոր ներդրողների համար պետք է ապահովենք մեծ շուկաներ, այդ առումով կարևոր է ներդրողների պաշտպանության ինստիտուտի ներդրումը, օտարերկրյա ներդրողների համար մշակվել ու ներկայացվել է օտարերկրյա ներդումների մասին օրենքի նոր նախագիծը», - նշել է նա:
Նրա խոսքով ՝օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները:
Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար:
«Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ», - ասել է Կարայանը:
Նախարարը շեշտել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվի կամ իր գործունեությունը կընդլայնի 7 ընկերություն, որոնք մոտ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն 824 աշխատատեղ: