«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
- Հետտոնական շրջանում մարդկանց մոտ շատ հաճախ առաջանում են սթրեսային վիճակներ: Ըստ Ձեզ, որո՞նք են դրա հիմնական պատճառները:
- Առաջին հերթին այն, որ տոների ռիթմը տարբերվում է առօրյա կյանքից (օրինակ, փոխվում է սնվելու, քնելու, հանգստի ժամանակացույցը), և բնական է, որ տոներից հետո օրգանիզմին պահանջվում է ադապտացիա: Հոգեբանական տեսանկյունից հետտոնական սթրեսի պատճառ կարող են լինել նաև չարդարացված սպասելիքները, չէ՞ որ նախատոնական փուլում որոշակի ակնկալիքներ կան Ամանորից: Ցանկալի է, որ սպասելիքները համապատասխանեն իրականությանն ու սեփական հնարավորություններին` սթրեսից զերծ մնալու համար:
- Ինչպե՞ս պայքարել հետտոնական սթրեսի դեմ:
- Հետտոնական սթրեսը նվազեցնելու համար անհրաժեշտ է տոների ընթացքում խուսափել ռեժիմի կտրուկ փոփոխություններից, հետևել ճիշտ սննդակարգին, հնարավորինս դրական լիցքեր ստանալ և փոխանցել նաև հարազատներին, ամանորյա սպասելիքների հարցում ուշադիր լինել` անհավանական սպասելիքները հաճախ սթրեսի, հիասթափության են հանգեցնում: Ձգտեք նաև տոները կազմակերպել սեփական հոգեբանական և ֆինանսական ռեսուրսներին համապատասխան` հետտոնական սթրեսի ռիսկը կանխելու համար:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, որպեսզի 2017թ-ը նրանց համար լինի հոգեպես հավասարակշռված տարի:
- Հավասարակշռված լինելու համար անհրաժեշտ է հոգեբանական անվտանգություն, որտեղ առաջնային է սեփական երկրում պաշտպանված և երջանիկ լինելու գործոնը:
Հուսով եմ, որ 2017թ-ը կնպաստի երկրի խաղաղության և արդարության մթնոլորտին, կպարգևի անսահման սեր և ներդաշնակություն հայ ընտանիքներին: Բարի և դրական Ամանոր եմ մաղթում: