Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, ինչպես նաև կարիերայի ընթացքում խփած գոլերի մասին, գրում է Armfootball.com-ը:
- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներից ու՞մ խաղով ես հիացել:
- Սկսել եմ նայել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը այն ժամանակ երբ դեռ Էրիկ Կանտոնան էր խաղում, ու ես սիրում էի նայել նրա խաղը: Անդրեյ Կանչելսկիսին ևս հետևում էի` հետաքրքիր էր հետևել ռուս ֆուտբոլիստի խաղին: Իսկ եթե խոսենք «Մանչեսթեր Յունայթեդի» կուռքերի մասին, ապա դա Սեր Ալեքս Ֆերգյուսոնն է:
- Ո՞վ էր քո մանկության ֆուտբոլային հերոսը:
- Զինեդեին Զիդանը, ոչ միայն խաղադաշտը տեսնելու իր ունակության, այլև խաղադաշտում այդպես առաջատար լինելու համար: Նա միշտ խոսում էր իր թիմակիցների հետ ու օգնում էր նրանց:
- Խաղից առաջ ինչ-որ թալիսմաններ օգտագործու՞մ ես:
- Ոչ: Ավելի երիտասարդ տարիքում որոշ բաներ ունի, բայց երբ մեծացա, հասկացա, որ այն ամենը ինչ պետք է ինձ որպես ֆուտբոլիստի իմ գլխում է:
- Ո՞ր գոլն ես ամենաէմոցիոնալ կերպով տոնել:
- Հայաստանի մինչև 21 տարեկանների կազմում 2009թ.-ին Թուրքիայի հավաքականի դարպասը խփած գոլը: Խփեցի հաղթական գոլը հանդիպման վերջին րոպեին: Ամենաէմոցիոնալ պահն էր, որ երբևիցե զգացել եմ խփած գոլից հետո:
- Իսկ ո՞րն է լավագույնը:
- Չեմ կարող կոնկրետ մեկը առանձնացնել, շատ գոլեր եմ խփել: Հուսով եմ` դեռ շատ գոլեր կխփեմ «Յունայթեդի» կազմում (հարցազրույցը եղել է մինչև «Սանդերլենդի» դեմ խաղը, իսկ այդ խաղում խփած գոլից հետո Մխիթարյանը իր թվիտերում գրել էր` «Սա իմ կարիերայի լավագույն գոլն էր» - ArmFootball.com):