Վրաստանը և «Գազպրոմը» այս տարի այլևս չեն կարողանա պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցիկ մատակարարումների վճարման հարցում 2017 թվականի համագործակցության վերաբերյալ, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ փոխզիջման՝ չնայած նրան, որ տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է. վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը, իսկ Ռուսաստանը ցանկանում է գումարով վճարել:
Վիեննայում ընթացող բանակցությունների հերթական փուլի անցկացման ամսաթվերը դեռ հայտնի չեն: