Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կանանց իրավունքների թեմայով գիտաժողով է կայացել, որի ընթացքում Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի ռադիո և հեռուստատեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հյուլյա Ուղուր Թանրըօվերը ելույթ ունենալով, ներկայացրել է, թե ինչպես և երբ է սկսվել կանանց իրավունքների համար պայքարը Թուրքիայում։
Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Günebakış» լրատվական կայքին պրոֆեսորն ընգծել է, որ կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ։ Ըստ Թանրըօվերի՝ օսմանյան շրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։
«Մենք մեր իրավունքների համար պայքարը սկսել ենք դեռ մինչև հանրապետական շրջանը։ Օսմանյան Կայսրության ժամանակ կանայք ավելի շատ են պայքարել իրենց իրավունքների համար։ Օսմանյան շրջանում հատկապես հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»։