2017 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից տարածած առաջին հայտարարությունն իր մեջ մեկ կարևոր շեշտադրում ունի՝ «հնարավորինս կարճ ժամկետում վերջնականապես ներդնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները»:
Հայտարարության մեջ շեշտվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ հատկապես առանձնացնելով հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորությունը: Փաստացի, չնայած Ադրբեջանի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին, համանախագահները չեն հրաժարվում հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջից, և այս անգամ նրանց ընտրած բառակազմը նախորդների տարբերվում է զգալի կոշտությամբ:
Հայտարարության մյուս կարևոր շեշտադրումը հարցի հումանիտար բաղադրիչն է, և Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը: Սակայն թե´ համանախագահների, թե´ հակամարտությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար միանշանակ պարզ է, որ հայկական կողմերը՝ և´ Արցախը, և´ Հայաստանը, կարևորում են ձեռք բերված՝ հատկապես հումանիտար հարցերին առնչվող պայմանավորվածությունները, առաջինը դրանք խախտողը, որպես կանոն, լինում է Ադրբեջանը:
Տարածված հայտարարության հիմնական թերությունը թերևս կրկին կոչերի ոչ հասցեական լինելն է, համահարթեցման սկզբունքը: Դեկտեմբերի վերջի լարվածությունը հերթական անգամ ցույց տվեց, որ համանախագահների նման մոտեցումն Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, ինչի հետևանքն արդեն ոչ միայն ԼՂՀ-ի, այլև ՀՀ-ի սահմաններին Բաքվի սանձազերծած գործողություններն են: Դրա հետ մեկտեղ, այս իրավիճակը ցույց է տալիս, որ միայն հետաքննության մեխանիզմների առկայությունը հնարավորություն կտա իրական կայունություն հաստատել սահմաններին:
Ամփոփելով կարող ենք նշել, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար առաջին հերթին կարևոր է կանխել հրադադարի խախտումներն ու վերականգնել վստահությունը կողմերի միջև, իսկ դա նշանակում է հասնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարմանը: Դատելով վերջին հայտարարություններից՝ դա գիտակցում են նաև միջնորդները: