Այսօր Պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցած լրագրողներին հավաստագրեր հանձնելիս հայտնել է, որ այսօրվանից Պն-ում գործում է թեժ գիծ 1-28 հեռախոսահամարով և թիվը կապված է Հունվարի 28-ի՝ բանակի օրվա հետ: Թեժ գիծը գործելու է առավոտյան ժամը 09.00-18.00-ն, և քաղաքացիները կարող են դիմել զինվորական ծառայության վերաբերյալ բոլոր հարցերով, փոխանցում է Թերթ.ամ-ը:
«Աշխատելու ենք պարզ կանխատեսելի մեխանիզմներով և փորձելու ենք գտնել լուծումներ: Առաջին օրերին թեժ գիծը կարող է չափից ավելի թեժ լինել, սակայն անհրաժեշտության դեպքում օպերատորների քանակը կարող ենք ավելացնել»,- ասել է նա և նշել, որ աշխատանքային ժամից դուրս զանգահարելու դեպքում քաղաքացիները կարող են թողնել հաղորդագրություն, կոնտակտային տվյալներ, որպեսզի օպերատորները հետ զանգեն: