Այս տարվա մարտից ծխախոտների տուփերին կհայտնվեն «սարսափելի» նկարներ

14:09     11 հունվարի, 2017

Սույն թվականի մարտի 17-ից ԵԱՏՄ-ում արտադրված ծխախոտների տուփերի վրա կլինեն «սարսափելի» պատկերներ: Արտադրողներին, արտահանողներին կամ վաճառողներին  երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ծխախոտի տուփերի վրա պատկերեն ԵԱՏՄ տեխնիկական պահանջներով սահմանված նկարները, ասվում է ԵԱՏՄ պաշտոնական կայքում՝ eurasiancommission.org-ում:

Տեխնիկական պահանջների համաձայն, ծխախոտի տուփերի վրա կամ տուփի ներսում տեղադրվող թղթերի վրա պետք է պատկերավոր ներկայացվի ծխելու բացասական հետևանքների մասին: Մասնավորապես, դա նախատեսվում է անել ծխախոտի հետևանքով հիվանդացած մարդկային օրգանների նկարների միջոցով, որոնք վարակված են քաղցկեղով, փտախտով կամ ծխելու հետևանքով առաջացած այդ հիվանդություններով: Նկարների մակերեսը պետք է լինի ներկայացվող ծխախոտի տուփի ողջ մարերեսի առնվազն կեսը:

Հին տուփերով սիգարետների արտադրությունը թույլատրվում է մինչև 2017թ. նոյեմբեր ամիսը:

«Սարսափների» հեղինակները համոզված են, որ նման քայլով կկրճատվի ծխողների քանակն ու կփրկվեն միլիոնավոր կյանքեր:


© armedia.am