Թուրքիայում ոստիկանների վրա հարձակման, ինչպես նաև երկրի արևմուտքում պայթեցված մեքենայի պատասխանատվությունն ստանձնել են քրդական ընդդիմության ներկայացուցիչները, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Իրենց մասնակցության մասին հայտարարել են Քրդստանի ազատության բազեներ խմբավորման ներկայացուցիչները, որը համարվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղը:
Միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում, երբ անհայտ անձիք հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Արդյունքում զոհվել է երկու ոստիկան:
Firat տեղեկատվական գործակալության միջոցով խմբավորման տարածած տեղեկատվության համաձայն, հարձակում գործել են իրենց երկու անդամ: Խմբավորումն զգուշացրել է նոր հարձակումների մասին:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քրդստանի ազատության բազեներ կոչվող խմբավորումը ստանձնում է հարձակման պատասխանատվություն: Այսպես, դեկտեմբերին Ստամբուլում՝ մարզադաշտից ոչ մեծ հեռավորության վրա իրականացված ահաբեկչությունը խլել է 40, իսկ մեկ այլ՝ քաղաքի կենտրոնում իրականացված հարձակումը՝ 13 մարդու կյանք: