Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությունն իրանական ռեֆորմատորների համար դարձել է քաղաքական ակցիայի առիթ: Թափորի միջից մարդկանց առանձին խմբեր սկսել են իշխանություններին ուղղված պահանջներ և լոզունգներ բղավել՝ այդ թվում նաև պահանջելով ազատ արձակել նախկին վարչապետ ռեֆորմատոր Միր Հուսեյն Մուսավիին, ինչպես նաև աջակցություն հայտնելով նախկին նախագահ Մուհամմադ Խաթամիին: Վերջինս Ռաֆսանջանի հուղարակավորությանը ներկա չէ, քանի որ դատարանի որոշմամբ նրան արգելվում է հայտնվել հասարակական վայրերում:
Խաթամին համարվում է Իրանում բարեփոխումների իրականացման շարժման ռահվիրաններից մեկը: Համարվում է, որ Իրանում բարեփոխումների շրջանը եղել է հենց նրա նախագահության տարիներին՝ 1997-2005 թվականներին: Սակայն ազատությունների և արևմտյան ժողովրդավարական արժեքների տարածումն Իսլամական հեղափոխության առաջնորդները և կողմնակիցները՝ պահպանողականները, դիտարկում են որպես լուրջ վտանգ հեղափոխության գաղափարախոսության համար: Ամեն դեպքում Իրանի քաղաքական դաշտում բարեփոխումների կողմնակիցները բավականին մեծ ուժ են ներակայացնում:
Այսպես, 2016 թվականի սկզբին Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել են ռեֆորմիստական ճամբարին պատկանող թեկնածուները. Իրանի 10-րդ գումարման խորհրդարանում ռեֆորմիստները ստացել են 133, իսկ պահպանողականները՝ 125 տեղ: Չնայած Իրանի խորհրդարանը երկրի քաղաքական կյանքում այդքան էլ մեծ դերակատարում չունի և իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի ձեռքում, ընտրություններում ռեֆորմիստների հաղթանակը հնարավորություն կտա նախագահ Հասան Ռոհանիին շարունակել ներքին բարեփոխումների քաղաքական կուրսը:
Այստեղ հարկ է նշել, որ ի տարբերություն Խաթամիի՝ ռեֆորմիստ նախագահ Ռոհանին վայելում է հոգևոր առաջնորդի համակրանքը, ինչը պայմանավորված է Իրանի տարածաշրջանային հավակնությունների հարցում կողմերի միջև առկա համաձայնությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ռոհանին, ով փորձում է բացի ռեֆորմատորներից իր շուրջ հավաքել նաև չափավոր պահպանողականներին, բարեփոխումների հարցում ավելի շատ շեշտը դնում է երկրի ներքին կյանքի վրա և հիմնակաում խուսափում է ռադիկալ քայլերից:
Արդյունքում, Ռոհանիի զգուշավոր քաղաքականության շնորհիվ դեռևս հնարավոր է դառնում խուսափել քաղաքական այս ուժերի միջև լուրջ բախումներից, ինչը կարող է Իրանում քաղաքական ճգնաժամի հանգեցնել: